կարևոր
1939 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-09 11:44

Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է լինել բանակի կողքին, կայացնել և ամրապնդել Աշխարհազորը. «Կամավորական շարժում» ՀԿ

Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է լինել բանակի կողքին, կայացնել և ամրապնդել Աշխարհազորը. «Կամավորական շարժում» ՀԿ

«Կամավորական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպության հայտարարությունը.

«Մեզ պատուհասած պատերազմի ավարտից անցել է կես տարի։ Պատերազմի օրերին հերոսաբար զոհված մեր զինվորների և կամավորների հիշատակն ու անմահ ոգին մեզ՝ ապրողներիս, պատասխանատվության և նոր հանձնառությունների առջև է կանգնեցնում։

44 -օրյա պատերազմում կրած դառը պարտությունը սերունդների համար դաս է դառնալու, նաև ազդակ՝ քննելու պարտության պատճառները, վերականգնելու ներազգային բարոյա- հոգեբանական ծանր մթնոլորտն ու իբրև հավաքականություն դիմագրավելու նոր մարտահրավերները։

Որպես ազգ և պետություն վերակազմակերպվելու հրամայականի առջև ենք բոլորս։ Համոզված ենք, որ շատ շուտով պետությունը կվերականգնի իր ուժերը ու մեր բանակը կշարունակի լինել մեր անվտանգության և խաղաղության կարևոր երաշխավորը։

Եվ, այնուամենայնիվ, մեզանից յուրաքանյուրի պարտքն է լինել բանակի կողքին, կայացնել և ամրապնդել Աշխարհազորը,  բանակի հետ համագործակցաբար լծվել անվտանգ երկիր կառուցելու, անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու կարևորագույն առաջնահերթությանը։

Այսու դիմում ենք բոլորին, մասնավորապես՝ 20-ից 35 տարեկան հայորդիներին, անդամագրվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ին և անցնելու անհրաժեշտ պատրաստականություն՝ հարկ եղած պարագայում ունակ լինելու պաշտպանել հայոց պետականությունն ու կանգնել հայ զինվորի կողքին։

Մենք պարտավոր ենք նոր զարթոնքի և արժանապատիվ խաղաղության սկիզբը դնելու»: