Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար։ Այսօր տեղի ունեցավ Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Ծրագրով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար: Արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները։
Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալական խոսք հղեց հիմնադրամին իրենց աջակցությունն ու զորակցությունը ցուցաբերելու համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:
Տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը»: