20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։
Մայիսի 8–ին նշվում է Շուշիի` Արցախի եզակի բերդաքաղաքի, ազատագրման օրը։ «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրման գործողությունը եւս եզակի էր ռազմական առումով։
Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
1992 թվականի ապրիլի 24-ին Ինքնապաշտպանության ուժերի շտաբը հիմնականում ավարտել էր Շուշիի ազատագրման ծրագրի մշակումը` պատրաստ էին անհրաժեշտ հաշվարկներն ու քարտեզները: Ըստ հետախուզության տվյալների, թշնամին Շուշիի մատույցներում էր կենտրոնացրել 2500 զինվոր, 3 տանկ, 9 զրահամեքենա, հրթիռային կայանքներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ:
Ինքնապաշտպանական ուժերը 2520 մարդ ունեին իրենց տրամադրության տակ: Որոշված էին հարձակման 4 ուղղությունները. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Արկադի Կարապետյան, «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յուրա Հովհաննիսյան։
1992 թ. մայիսի 4-ին Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ստորագրեց Շուշիի ազատագրման մարտական հրամանը, որի իրագործումը մի քանի օր հետաձգվեց՝ տեղացած ձյան պատճառով: Մանևրային մարտերը սկսվել էին արդեն ապրիլի 27-ին:
Հիմնական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին՝ ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային նախապատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գլխավոր հրամանատարական կետը գտնվում էր 1207,3 մ բարձրությամբ, Շոշ գյուղից ոչ հեռու:
Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրոհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն:
Ադրբեջանական հրամանատարությունը չկարողացավ ճնշել զորքերում առաջացած խուճապը և կազմակերպել Շուշիի պաշտպանությունը: Սկսվեց ադրբեջանցի զինվորների ու օմոնականների փախուստը քաղաքից: Ցանկանալով խուսափել ավելորդ զոհերից` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հրամայեց ապաշրջափակել Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտել հակառակորդի փախուստը: Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին:
Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:
«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- ավելի ուշ կպատմի Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի առաջին խոշոր հաղթանակն ու ձեռքբերումն էր դարեր տեւած կորուստներից հետո։ «27 տարի առաջ այս օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած հակառակորդին ծնկի իջնել։ Տեսնելով, որ մենք անպարտելի ենք, ու իրենց հիմար «չարաճճիությունները» կարող են ավարտվել Բաքվում, նրանք աղաչանք-պաղատանքներով դիմեցին Ելցինին, Նազարբաևին, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարներին՝ հանդես գալու որպես հրադադարի միջնորդներ»,- պատմում էր Արկադի Տեր-Թադևոսյանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրով, Փաշինյանի ստորագրմամբ Շուշին հանձնվեց Ադրբեջանին: