Ի՞նչ է կատարվում աշխարհում, որը դեռ փորձում է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:
Հնդկաստանում մեկ շաբաթվա մեջ վարակվածների թիվն ավելացել է եւս 1,5 միլիոնով: Ճնշումները մեծանում են վարչապետի կառավարության վրա: Նրան մեղադրում են համավարակի 2-րդ ալիքը ժամանակին չկանխելու համար: Ընդդիմության առաջնորդ Ռահուլ Գանդին նամակ է գրել վարչապետին՝ նշելով, որ պատվաստումների հստակ ու հետեւողական ռազմավարություն չունենալը, նաեւ վիրուսի նկատմամբ ժամանակից շուտ հաղթանակ հայտարարելը, երկիրը խիստ վտանգավոր վիճակում են դրել: Նա կոչ է արել իշխանություններին անհապաղ պատվաստել Հնդկաստանի ամբողջ բնակչությանը:
Ֆրանսիայում մայիսի 12-ից կսկսեն պատվաստել բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից: Եվրոպական այս երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարվում են անվճար եւ կամավոր հիմունքներով:
Կանադան էլ թույլատրել է օգտագործել Pfizer/BioNTech COVID-19 դեմ պատվաստանյութը 12-15 տարեկան երեխաների պատվաստման համար: Այսպիսով, Կանադան դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես թույլ է տվել դեռահասների պատվաստումը: