կարևոր
1606 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-07 19:39

ԱԺ ընդունած Ընտրական օրենսդրության փաթեթը չի կիրառվելու առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրության ժամանակ

ԱԺ ընդունած Ընտրական օրենսդրության փաթեթը չի կիրառվելու առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրության ժամանակ

Մայիսի 7-ին հրավիրված և այսօր շարունակված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և 81 կողմ ձայնով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեսդրական փաթեթը:

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ Համազասպ Դանիելյանը եւ Վահագն Հովակիմյանը հատուկ նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ: Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ սա իրենց ստանձնած քաղաքական պարտավորությունն էր, և մինչ խորհրդարանի լուծարումը ցանկանում են ավարտին հասցնել ընտրական օրենսդրության փոփոխության՝ իրենց պարտավորությունը: 

Այս փոփոխություններով  նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից եւ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու գործառույթի առումով: Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվի աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը:  Համապետական ընտրությունների կազակերպմանը վերաբերող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Իսկ առաջիկա հնարավոր ընտրությունները անցկացվելու են այժմ գործող Ընտրական օրենսգրքով: 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Այս օրենքով առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Փաստացի, իշխանությունը միայնակ՝ առանց խորհրդարական ընդդիմության համաձայնության, ընդունեց փոխոխությունը և ստորագրեց, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքի փոփոխությունը: Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում, չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: