Երրորդ նախագահի գրասենյակը հայտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ
«Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:
Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել՝ հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:
Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,-նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքում:
Նշենք, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին անգամ խոսել է «փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու» միջոցների մասին և հրապարակել է, իր խոսքերով, Սերժ Սարգսյանին ներկայացրած համատեղ հայտարարության տեքստը:
«ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ»,- գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը: