կարևոր
691 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 18:31

«Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում

«Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում

Մայիսի 7-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանում ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, Օտար լեզուների ամբիոնի և գրադարանի աջակցությամբ կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսի նպատակն էր հերթական անգամ արժևորել Շուշիի պատմական անցյալը, վերագնահատել 1992 թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման նշանակությունը,ահազանգել Շուշին ադրբեջանականացնելու պետական քաղաքականության մասին,փաստել, որ Շուշիի նկատմամբ պահանջատիրությունը համահայկական է:

«Ցուցահանդեսում ներկայացված են 110 գրքեր, որում տեղեկություններ կան Շուշիի մշակույթի, պատմության մասին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գերմանական, Ռուսական և Ֆրանսիական փոստային բացիկներ, որում բացառապես գրված է Շուշի անունը»,-նշել է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը։

Ըստ Հովիկ Ավանեսովի՝ այս ցուցահանդեսով վերաիմաստավորում և հավաստիացնում ենք այն փաստը, որ մենք հավատարիմ ենք այն ոգուն, որով մենք ժամանակին ազատագրել ենք Շուշին:

«Շուշին հայկական եղել է կա ու մնալու է հայկական»,-ասել է Հովիկ Ավանեսովը:

«Շուշիս» - պատահական չէ ընտրված ցուցահանդեսի խորագիրը, որովհետև Շուշին յուաքանչյուրինս է և մենք պետք է օր առաջ վերադարձնենք Շուշիի փառքը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև հուշարձանագետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մեր բոլորի ցանկությունն ու նպատակն է, որպեսզի մնացած ցուցահանդեսները կազմակերպվեն Շուշիում:

«Շատ շուտ պետք է դուրս գալ համազգային սգից և շատ արագ սկսել վերականգնել մեր կորսվածը: Ցավոք սրտի, մեր տղաներին հետ բերել չենք կարող, սակայն մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր քաղաքներն ու բնակավայրերը կարող ենք հետ բերել, եթե պատմության դասերը ի նկատի ունենանք»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին՝ նա կարևորեց մատաղ սերնդին ցույց տալ այն պատկերը, որը ունեցել է հայկական Շուշին:

«Շուշին պետք է շնչի իր հայկական ոգով: Ինչքան էլ, որ այսօր մեր հարևանները եկեղեցու գմբեթը փոխեն և այլն, դա միամտություն, տգիտություն և անհարգանք է հարևան ժողովրդի հանդեպ: Այնպես, որ նաև Շուշիի մայր եկեղեցին պետք է դիմի Աստծուն հայերեն՝ հայ ժողովրդի անունից»-,նշել է գրականագետ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը։