կարևոր
1519 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-07 12:26

Այս հայտարարությամբ սկիզբ առավ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ պատվավոր կոչումը

Այս հայտարարությամբ սկիզբ առավ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ պատվավոր կոչումը

1991 թվականի ապրիլի 12-ին «Ղարաբաղի Ազատության Մարտիկներ»-ը հայտարարություն տարածեցին, որով և սկիզբ առավ Ազատամարտիկ պատվավոր կոչումը:

Լուսանկարում՝ Պետոն ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկների հետ

ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ 12.04.1991 թ:

Հայտարարություն

«Ղարաբաղում իրավիճակը մնում է ծայրաստիճան լարված։ Ադրբեջանական ղեկավարության զինվորական իշխանությունների անօրինական գործողությունների զոհ են դառնում անմեղ մարդիկ։ Տեղահանման վտանգ է սպառնում մարզի ողջ հայ բնակչությանը, որն այլևս անկարող է դիմանալ դաժան զրկանքներին ու կեղեքումներին։

Ղարաբաղը բռնակալի լծից ազատագրելու բոլոր միջոցները սպառվել են։ Ղարաբաղի պայքարը սոսկ ազատագրական պայքար չէ այլևս, այլ գոյակռիվ, որը մեզ պարտադրել է Ադրբեջանը։ Ղարաբաղի լինել-չլինելուց է կախված Հայաստանի ճակատագիրը։

Արդարության վերականգնման սուտ խոստումներով այլևս մեզ չեն կերակրի։ Այլևս լցված է համբերության բաժակը։ Մենք թույլ չենք տա ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, թալանել մեր ունեցվածը, բռնանալ մեր իրավունքներին, տանջել ու շահագործել մեզ։ Ղարաբաղի ազատագրումն ու Հայաստանին վերամիացումը մեր կյանքի նպատակն է, մեր գոյության իմաստը, մեր հավատի հանգրվանը, հույսերի խարիսխը։ Չկա Ղարաբաղը՝ չկա հայ ժողովուրդը։

Այս գիտակցմամբ ու զգացումով ենք մենք այսօր սեղմել մեր բռունքները ու պրկել մեր մկանները, որպես հարվածող բազուկ՝ անարդարության ու անտարբերության զնդանին դարբնելու Ղարաբաղի ազատության մեր թուր կեծակին։ Այս գիտակցմամբ ու զգացումով ենք մենք հիմնել մեր Ղարաբաղի Ազատության Մարտիկներ կազմակերպությունը, որի գլխավոր նպատակը Ղարաբաղի ազատագրումն ու միացումն է Հայաստանին։

Հայտարարում ենք․

Մեր բողոքի ու ցասման ձայնն այսուհետև կհնչի որպես հարվածի շառաչյուն, հարված, որ ուղղվելու է Ադրբեջանի պետական մեքենայի, թշնամաբար գործող անձերի, ՕՄՕՆ-ի դեմ, որոնք բռնություններով, սադրանքներով, ավազակային հարձակումներով են պատասխանում Ղարաբաղցիների բողոքներին ու արդարացի պահանջներին։

Թեև մենք հասկանում ենք, որ ադրբեջանցի հասարակ ժողովուրդը, որը մեր հարևանն է, ճակատագրորեն իր հերթին ենթակա է ադրբեջանական իշխանությունների ճնշմանն ու շահագործմանը, կարող է մեր հարվածի թիրախը դառնալ, եթե իր գյուղերում ու տներում տեղ տա և աջակցի ՕՄՕՆ-ի մարդասպաններին։

Մեր հարվածը կուղղվի նաև խորհրդային բանակի այն սպաների դեմ, որոնց ձեռքերը կարյունոտվի հայ մարդու արյունով։

Մենք կոչ ենք անում ադրբեջանական բռնակալների լծի տակ հեծող քուրդ և եզդի ազնիվ ժողովուրդներին միասնական ազատագրական պայքարի ելնել ընդդեմ մեր ընդհանուր թշնամու։

Մենք որդիներն ենք ազատատենչ հայ ժողովրդի և անվհատ շարունակելու ենք մեր անմահ նախորդների՝ Հայոց Պատմության ամենալուսավոր սերնդի գործը, որը ինքնակամ զոհ բերեց իրեն՝ այրվելով մարտիրոսության խարույկների վրա՝ հարազատ ժողովրդի ազատությունը նվաճելու համար։

Մենք անսասան ենք մեր պայքրաի մեջ, որը չի դադարի քանի դեռ Ղարաբաղը չի ազատագրվել ու վերամիացել Հայաստանին։

ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ»

No photo description available.