կարևոր
1666 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-07 12:01

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում 50 միլիոն մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում 50 միլիոն մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի Հանձնախումբը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է կոնգրեսականի այս քայլը՝ նշելով.

«Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դադաերցումից վեց ամիս անց, ԱՄՆ կառավարությունը ՝ նախագահ Թրամփի և Բայդենի օրոք, չկարողացավ զգալի օգնություն ցուցաբերել Արցախին՝ մարդասիրական կարիքները հոգալու համար: Մենք ողջունում ենք կոնգրեսական Սմիթի սկզբունքային կոչը և շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի բոլոր այն անդամներին, որոնք հետեևողական ճնշում են գործադրում Արցախին ԱՄՆ-ի աջակցության փաթեթի ընդունման համար»:

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Արցախում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:

Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:

Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: