կարևոր
1342 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 18:13

ժամը 18:30 ԱԺ արտահերթ նիստ է. Իմ քայլը որոշել է ԱԺ արտահերթ նիստում արագացված կարգով ընդունել Ընտրական օրենսգրքի փաթեթի մնացած մասը

ժամը 18:30 ԱԺ արտահերթ նիստ է. Իմ քայլը որոշել է ԱԺ արտահերթ նիստում արագացված կարգով ընդունել Ընտրական օրենսգրքի փաթեթի մնացած մասը

Ազգային Ժողովի խորհուրդը որոշում ընդունեց ԱԺ արտահերթ նիստ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով Իմ քայլը խմբակցության միջնորդությունը: Ժամը 18։30-ին նախատեսում են արտահերթ ու արագացված կարգով ընդունել Ընտրական օրենսգրքի փաթեթի մնացած` մեծ մասը։

Մինչ այդ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ստացավ դրական եզրակացութուն:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Այս օրենքով առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Փաստացի, իշխանությունը միայնակ՝ առանց խորհրդարական ընդդիմության համաձայնության, ընդունեց փոխոխությունը և ստորագրեց, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքի փոփոխությունը: Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում, չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Ապրիլի 21-ին էլ  Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել էին կարծիք և նշել, որ Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում: 

Հիշեցնենք, նաև, որ դեռ երկուշաբթի՝ մայիսի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկությամբ: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նիստին նշել էր, որ «ԸՕ փոփոխությունների նախագիծն առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի, ժամանակ է անհրաժեշտ՝ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած կարծիքն իրացնելու և քննարկելու համար»: