կարևոր
1405 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 17:31

Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, չփորձեք աղավաղել ՀՀ ՄԻՊ հայտարարությունները. Արման Թաթոյանի պատասխանն իմքայլական Մարիա Կարապետյանին

Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, չփորձեք աղավաղել ՀՀ ՄԻՊ հայտարարությունները.  Արման Թաթոյանի պատասխանն իմքայլական Մարիա Կարապետյանին

Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում, ու շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձ, դուք այդպիսի ուղերձներ եք հղում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանին։

Պատգամավորն ասել էր, թե իրենց «ժողովրդավար իշխանության» շնորհիվ է, որ ՄԻՊ-ը ձեռք է բերել միջազգային «А» կարգավիճակ։

Պաշտպանը հակադարձել է, որ այդ կարգավիճակը ստացել է 2016, 2017 և 2018 թվականների գործունեությունը գնահատելու համար, հետևաբար, ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ։

«Եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, ապա 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր ամբիոններից բարձր գնահատականների չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ կողմից, որն ասում էր՝ ՀՀ ՄԻՊ-ը օրինակելի կառույց է»,- նշեց նա։

Անդրադառնալով Մարիա Կարապետյանի մյուս հայտարարությանը, թե Արման Թաթոյանը ևս մեդիատեռոր է իրականացրել՝ անդրադառնալով Սյունիքում իրականացվող սահմանագծումներին և դրանց հետևանքով մարդկանց մոտ առաջացած արդարացի վրդովմունքին, պաշտպանն արձագանքեց. «Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում»։

Պաշտպանի խոսքով, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ պատերազմից հետո մարդիկ գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, երբ պետությունը որդեգրել էր «չափազանց սխալ» քաղաքականություն։

«Անընդհատ ասում էին՝ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է։ Արդյունքում՝ ապատեղեկատվություն էր տարածվում, մարդիկ ապրում էին սահմանում, ադրբեջանական զինվորականները գալիս, շոկի մեջ էին գցում նրանց։ Պետությունը քան թե գնա նրանց հետ աշխատի, ասում է, թե ամեն ինչ նորմալ է։ Գիտե՞ք ինչ կա՝ Ադրբեջանի նպատակն է աշխարհին հիմա ասել՝ ամեն ինչ հիանալի է, ոչ մի խնդիր չկա, ի՞նչ է եղել, Հայաստանում էլ են ասում ամեն ինչ լավ է»,- նկատեց նա։

Արման Թաթոյանը հատուկ անդրադարձավ Հանրային հեռուստատեսությանը՝ ասելով, որ այն շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում։ Ըստ պաշտպանի, իրենք հատուկ մոնիթորինգ են արել, և տեսել, որ ՄԻՊ հայտարարությունները՝ կապված Սյունիքի հետ, որևէ անգամ չեն լուսաբանվել։

«Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ։ Ես հենց այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, խիստ զգուշացնում եմ, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե ՄԻՊ-ի տրամադրած տեղեկությունները աղավաղող։ Նրանք իրականությունը պետք է տրամադրեն մարդկանց։ Սահմաններում էլ են նայում Հանրայինը։ Բացի այդ, իրենք հայտնել են, թե ստեղծում են մասնավոր մի ալիք, ես դա ևս մոնիթորինգի եմ ենթարկելու, և նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել ՄԻՊ հայտարարությունները»,- նշեց նա։

Բացի այդ, Արման Թաթոյանն ասաց, որ Մարիա Կարապետյանի ելույթում բացահայտ մանիպուլյատիվ հատվածներ կային։ Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք պատգամավորը գիտի, թե սահմանագծման ու սահմանազատման մասին խոսելիս ՄԻՊ-ը ԱԳՆ-ի հետ չի աշխատել։

«Ուղղակի իմ բարոյականությունը թույլ չի տալիս, որ ես գնահատականներ տամ այդ քննարկումներին։ Մենք ամեն օր կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Տիկի՛ն Կարապետյան, ես միամիտ չեմ, ես աշխատել եմ Կառավարությունում, միջազգային կառույցներում, ՀՀ ՄԻՊ-ն եմ։ Ես բացահայտ հասկանում եմ՝ ինչ է կատարվում, տիկի՛ն Կարապետյան։ Ես ձեզ ասում եմ՝ ադրբեջանցիները սպառնում են, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ թե ես ամսի 15-ին ասել եմ սահմանազատում, ամսի 17-ին էլ՝ սահմանագծում։ Բա դա եղա՞վ։

Մի հատ գնանք իրար հետ նայենք, էլի, թե սահմանին ինչ է կատարվում։ Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ կամ Կապանից Ճակատեն։ Հարց տվե՞լ եք, թե ինչ տեղի կունենա, եթե ավտովթար լինի հայկական և ռուսական մեքենաների միջև։ Մերոնք նույնիսկ խորհուրդ են տալիս, թե կամաց երթևեկեք, թե չէ ադրբեջանցիները կմտածեն սադրանք է։ Հիմա ինձ ասում եք՝ ձայն մի հանիր, բա ո՞վ պետք է ներկայացնի այս ամենը»,- ներկայացրեց պաշտպանը։

Նա հարց հնչեցրեց, եթե օրինակ՝ Գորիսից Շուռնուխ ճանապարհին վթար եղավ, ՀՀ քաղաքացուն ադրբեջանցիները բերմա՞ն են ենթարկելու, Ադրբեջանի քննչական մարմիննե՞րը պետք է հարցաքննեն։

«Ես մեր արդարադատության նախարարություն նամակ եմ ուղարկել, հարցրել՝ թե ի՞նչ է լինելու նման դեպքերում, բայց այդ մարդիկ էլ չգիտեն։ Իսկ նման միջադեպ ամեն օր կարող է տեղի ունենալ»,- ասաց պաշտպանը։