Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ Զրպարտություն են համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված երեք հայտարարություններ։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ խոսքը 2020 մարտի 11-ին Տաթև համայնքում Փաշինյանի արած հայտարարությունների մասին է։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, 2020 թ-ին ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավին մարտի 11-ին հայտարարել էր․ «Ասում եմ անվանական, Ռոբերտ Քոչարյա՛ն, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք», «Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նրանք մի բան ունեն անելու՝ կոպեկ-կոպեկ թալանածը վերադարձնեն բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողվորդին ու Հայաստանի ժողովրդին», «Ես հայտարարել էի, որ առաջիկա 5 տարիներին 2,5 միլիարդ հավելյալ պետք է ծախսենք մեր բանակի մարտունակության վրա, որից 1,2 միլիարդը հակակոռուպցիոն պայքարով վերադարձվածը պետք է լինի, այդ փողերը Ռոբերտ Քոչարյանի, իր ընտանիքի և մյուսների մոտ են, թող բերեն, վերադարձնեն, իսկ ՍԴ-ն նրանց հույսն է»»,-պարզաբանեց Հայկ Ալումյանը։
«1 տարվա մեջ էլ ոչինչ չի կարողացել հավաքել, որպես ապացույց։ Այսքան ժամանակ այսքան հնարավորություն ունենալով ապացույց հավաքելու եւ այսքանից հետո ունենալ միայն ռուսական մի կայքից տպված մի ինֆորմացիա, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անհիմն հայտարարություններ է արել, այլ նշանակում է, որ այդ հայտարարություններն ի սկզբանե սուտ են եղել»,- նշեց նա։
Ալումյանի խոսքով՝ պատասխանող կողմը, չունենալով ապացույցներ, ուզում է ապացուցման բեռը դնել հայցվոր կողմի վրա. «Մենք աշխատեցինք, որ ապացուցման բեռը շարունակի մնալ Փաշինյանի վրա, ինքն ի վերջո նախապես իր ամեն ասածի համար պիտի սովորի, որ մի բան խոսելուց առաջ դրա տակ պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, որ հետո դատի կտան, նոր սկսի հիմքեր փնտրել»։
Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբեր. «Դժբախտաբար, քաղաքացիական գործեր քննող դատավորներն այն աստիճանի են ծանրաբեռնված, որ երբեմն դատական նիստը նշանակում են 6 ամիս հետո, անգամ 1 տարի հետո։ Իհարկե մեզ համար կարեւոր է, որ հնարավորինս շուտ դատավարությունն ավարտվի, շուտ երեւա այն ամենն ինչ մենք պատրաստվում ենք ցուցադրել դատավարության ընթացքում, թե ինչ ձեւով է այդ ինֆորմացիան ստեղծվում, ինչ աստիճանի անբարեխիղճ ձեւով է այդ ինֆորմացիան օգտագործվում եւ տարածվում: Դատավոր Սուքոյանը առավելագույնը արեց, կարծում եմ, և դատական նիստը հետաձգեց մոտավորապես 4 ամսով: Հասկանում են, որ եթե մեր նիստն ավելի շուտ նշանակի, ուրեմն այլ դատական գործի հաշվին պիտի արվեր», ասաց Հայլ Ալումյանը։