Բուհերի կառավարման խորհուրդների վերաբերյալ կառավարության որոշումը մարդու իրավունքների պաշտպանը կվիճարկի Սահմանադրական դատարանում:
Խորհրդարանում պատգամավորի հարցին ի պատասխան Արման Թաթոյանը նշել է, որ պատահաբար մամուլից է իմացել, որ գործադիրը ոչ թե չզեկուցվող հարցով, այլ գրավոր ընթացակարգով ու բոլորովին այլ նիստի շրջանակում է ընդունել այդ խնդրահարույց որոշումը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը: Դրանով խորհուրդների անդամների թիվը 32-ից դառնում է 20: Բուհերի կառավարման խորհուրդների համար նման փոփոխություն էր նախատեսում Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան: Գործադիրը, սակայն, ընդունել է որոշում, որով կյանքի է կոչում փոփոխությունը:
Ըստ Թաթոյանի՝ կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ոտնահարում բուհերի ինքնավարությունը: Մտահոգիչ է նաեւ, որ այն ընդունելիս դարձյալ հաշվի չի առնվել բուհերի եւ մասնագիտական շրջանակների կարծիքը: