կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 11:59

Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները ՝ զինված հարձակումների հետևանքով. ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները ՝ զինված հարձակումների հետևանքով. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե կոնկրետ ո՞ր մարզում, ո՞ր տարածքներում են մարդու իրավունքները ոտնահարվել ավելի շատ, և խնդիրը կապված է անձերի հետ, թե՞ համակարգային է:

«Դրանք համակարգային,տարիներով կուտակված խնդիրներ են, նույնիսկ քրոնիկ դաձած խնդիրներ կան, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունների ոչ հասանելիությունը: Եթե կա էլ, չափազանց թանկ լինելու պատճառով ծնողը չի կարող իրեն թույլ տալ և այլն»,- նշել է ՄԻՊ-ը:

Նա շեշտել է, որ կան նաև խնդիրներ, որոնք, բնականաբար, դրական լուծումներ են ստանում:

«Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները արտաքին գործոնի՝ զինված հարձակումների հետևանքով: Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան  ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ տիպային խնդիրներ կան բոլոր մարզերի համար՝ բժշկական ծառայությունների հասանելիություն, իրազեկումերի պակաս, տարբեր հարցերում կարծրատիպերի առկայություն՝ օրինակ կանանց իրավունքների հետ կապված: Երկրորդ խնդիրը անհատական է, որը հիմա բնորոշ է Սյունիքի մարզին: «Սպեցիֆիկ է այն, չես կարող որևէ մարզի հետ համեմատել, առավելագույնը կարող ես Գեղարքունիքի մարզի հետ համեմատել, որովհետև այնտեղ նույնպես որոշակի խնդիրներ կան, բայց դրանք այն աստիճան ծավալով արտահայտված չեն, ինչպես Սյունիքում»,- նշել է Թաթոյանը: