ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը:
Նա զեկույցի սկզբում խոսել է դիմումների թվի աճի մասին, ապա անդրադարձել սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներին, խոսել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջ եկած խնդիրների մասին:
«2020թ-ին քիչ չեն եղել ահազանգերը նոր կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ»,-ասել է Թաթոյանը:
Անդրադառնալով 2020թ-ին թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին ու առաջ եկած խնդիրներին:
«Դրանք չեն նշանակում կառավարության բացարձակ հայեցողություն մարդու նկատմամբ»,-հայտարարել է Թաթոյանը: Արտակարգ դրության ժամանակ հիմնարար հարցերից մեկը կապված է եղել մեկուսացման ու ինքնամեկուսացման հետ։