կարևոր
2395 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-06 00:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ, սակայն, բացակայում է ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը, և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ: Գրեթե նույն տեքստով մայիսի 5-ին հայտարարություն էր տարածել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որին խիստ արձագանքել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ նշելով. «ԱՄՆ-ի կառավարությունը ՍԽԱԼ է` իրավաբանորեն և բարոյապես: Այն շարունակում է Ադրբեջանի կողմից պատանդ պահվող հայերին ներկայացնել որպես կալանավորվածներ (Ադրբեջանի կողմից ներկայացվածով) և ոչ թե ռազմագերիներ (միջազգային իրավական սահմանումը): Այս  բառախաղը Բաքվին հնարավորություն է տալիս պահել, խոշտանգել և սպանել հայ ռազմագերիներին»:

Ի դեպ նախորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ կար Prisoner of war (POW) տերմինը:

Ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թ.-ի մայիսի 5-ի հայտարարությունը.

Մոսկվա/Փարիզ/Վաշինգտոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից պահվող հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ անում երկու կողմերին լիարժեք ու արագ ավարտին հասցնել գերիների, պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց հանդեպ մարդասիրական վերաբերմունք հանդես բերելու իրենց պարտավորությունները։

Անդրադարձ կատարելով ապրիլի 13-ի հայտարարությանը՝ Համանախագահները հորդորում են կողմերին հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում կատարելու նպատակով միմյանց փոխանցել բոլոր անհրաժեշտ տվյալները և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Համանախագահները խրախուսում են, որ կողմերը ձեռնարկեն կոնկրետ քայլեր տևական խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ կարգավորելով մնացյալ խնդրահարույց հարցերը, որոնք ներկայացված էին Համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ։ Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակում քաղաքական երկխոսության վերսկսումը Համանախագահների հովանու ներքո։