կարևոր
1519 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-05 22:42

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 5-ին, 1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաստիքային զենքերի կիրառմամբ անձնակազմն իրականացրել է կրակային պատրաստության տարբեր վարժանքներ, խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներում։ Նպատակը եղել է զինծառայողների տեսական գիտելիքներն ստուգելը և պատրաստության մակարդակն ամրապնդելը։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողներին ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, որոնք միտված են եղել հաստիքային զենքի տիրապետման հմտությունների և կրակի վարման արդյունավետության բարձրացմանը, մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գործողությունների կատարելագործմանը: Հատուկ վարժասարքի կիրառմամբ զինծառայողները կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ:

Պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում, է, որ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում մայիսի 5-ին անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է մարտական դիրքերում ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։