կարևոր
589 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-05 21:16

Իսպանիայի քաղաքական գործիչները կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում

Իսպանիայի քաղաքական գործիչները կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում

Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանոթւյունը

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․

«2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում է կիրառել նրա հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել։

Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները։ Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա և իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Արցախում։ Ռմբակոծությունները, հարձակումները և մահապատիժները մեծամասամբ 20-ամյա 3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ դարձան, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Փաստեր են, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց։

Այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ։ Կան տարածված բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մահապատժի և անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ՝ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային բռնապետության քմահաճույքի ներքո։ Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House- ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։Մի պետություն, որ լիդեր է հանդիսանում մարդու իրավունքների խախտման հարցում։

Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։ Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության և տոտալիտարիզմի պայմաններում։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ողջ կարողությունը և միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»։