«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքական ուժի ղեկավար Վահե Հակոբյանը:
Նա նաեւ չի բացառել ընտրություններին միասնական դաշինքով մասնակցությունը:
Համագումարի ընթացքում կուսակցության անդամները ներկայացրել են ծրագրային դրույթներ, որոնց միջոցով, ըստ իրենց, հնարավոր կլինի վերակառուցել իշխանության ինստիտուտները եւ վերականգնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում:
«Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում երկրի համար օրհասական վիճակում։ Սակայն պայքարը հանուն ազգային գաղափարախոսության ու անվտանգության է»,-նշել է Վահե Հակոբյանը:
Կուսակցության փոխնախագահը Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանն է, որը խորհրդարանական ընտրություններին իր քաղաքական գործունեությունը կշարունակի այս կուսակցության հետ:
Հիմնադիր համագումարի վերջում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Հայրենիքի վահան» Պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Նշենք, որ արտահերթ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունիսի 20-ին: