ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը այսօր Ազգային Ժողովի դիմաց էր՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու և նրանցից բացատրություններ ստանալու համար։
«Ես այստեղ եմ, որպեսզի պատգամավորների հետ քննարկեմ իրենց կայացրած որոշումների հիմնավորվածությունը և սահմանադրականությունը»,- ասել է Ղազարյանը։
Նա նաև նշել է, որ այսօր պատրաստվում էր հանդիպել Հայաստանի նախագահի հետ, սակայն իրեն երեկ զանգահարել են նախագահի աշխատակազմից, և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, բայց ոչ այսօր։
«Հաշվի առնելով նախագահի ծանրաբեռնվածությունը հանդիպումը կկայանա մոտակա օրերին։ Երբ ես հստակ պայմանավորվածություն ձեռք կբերեմ, այդ մասին կհայտնեմ ֆեյսբուքի միջոցով»,- հայտնել է նա։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նշել է, որ ցանկություն ունի հանդիպելու ԱԺ բոլոր պատգամավորների հետ, որոնք կցանկանան հանդիպել իր հետ։ Ղազարյանը պատգամավորներին սպասում էր Ազգային Ժողովի մուտքի դիմաց՝ Բաղրամյան փողոցում։
Ղազարյանը զանգահարել է Ազգային Ժողովի նախագահին, փոխնախագահներին և խմբակցություններին։
«Ցավոք սրտի Ազգային Ժողովի նախագահի ընդունարանից չպատասխանեցին, սակայն ես կապ հաստատեցի երկու փոխխոսնակների ընդունարանների հետ, ինչպես նաև հայտնեցի խմբակցություններին, որ սպասում եմ պատգամավորներին ԱԺ շենքի դիմաց»,- ասել է Ղազարյանը։
Այնուհետև Ղազարյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորներից ոչ մեկը համարձակություն չունեցավ ներկայանալ և զրուցել:
Հիշեցնենք, որ երեկ էլ Ղազարյանը եղել է Կառավարության դիմաց, սակայն Նիկոլ Փաշինյանը նույնպես չի հանիպել նրա հետ։