կարևոր
1057 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-05 15:15

Սաուդյան Արաբիան կվերաբացի դեսպանատունը Դամասկոսում

Սաուդյան Արաբիան կվերաբացի դեսպանատունը Դամասկոսում

Սաուդյան Արաբիան կվերաբացի դեսպանատունը Դամասկոսում: Արաբական «Ռայ ալ-Յաում» թերթի տեղեկություններով՝ 10 տարվա դադարից հետո երկու երկրների հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնության հասնել հաջողվել է մայիսի 3-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ սաուդցի պաշտոնյաների հանդիպման արդյունքում:

Ամեն դեպքում, ոչ պաշտոնական Դամասկոսը, ոչ էլ Ռիադը այդ հանդիպման մասին ոչինչ չեն հաղորդում:

Իսկ ըստ արաբական թերթի՝ դեսպանատունը կվերաբացվի Ռամադանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ 2011-ին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբին, արաբական մի շարք երկրներ խզել էին դիվանագիտական կապերը Դամասկոսի հետ՝ դադարեցնելով Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային: Սաուդյան Արաբիան փակել էր դեսպանատունը Դամասկոսում 2012-ին: Հակամարտության ընթացքում պաշտոնական Ռիադն աջակցում էր սիրիական ընդդիմությանը: Սակայն այս պահին այդ աջակցությունն ամբողջովին դադարեցված է: Վերջին մի քանի տարիներին տարածաշրջանի երկրները սկսել են վերականգնել կապերը Ասադի վարչակազմի հետ, որին, Ռուսաստանի ու Իրանի օգնությամբ, հաջողվել է վերադարձնել հսկողությունը երկրի մեծ մասի նկատմամբ:

Նշենք, որ 2018-ին էլ Դամասկոսում իր դեսպանատունը վերաբացել էր Արաբական Միացյալ Էմիրությունները: