Լիբիայի արտգործնախարարը Տրիպոլիում իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին ակնարկել է, որ թուրքական զորքը պետք է լքի երկիրը:
Նաջլա ալ-Մանգուշը, շնորհակալություն հայտնելով Թուրքիային աջակցության համար, միեւնույն ժամանակ Անկարային կոչ է արել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բոլոր դրույթները եւ օգնել դուրս բերել երկրից օտարերկրյա բոլոր ուժերին եւ վարձկաններին:
Մեւլութ Չավուշօղլուն նեղսրտել է համեմատությունից, ասել, թե թուրքական զորքը չի կարելի համեմատել վարձկանների կամ օտարերկրյա այլ ուժերի հետ, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Լիբիայիում այդ երկրի նախորդ կառավարության հրավերով է:
Նշենք, որ Չավուշօղլուն Տրիպոլի է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ: Հանդիպել են նաեւ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետի հետ:
Հիշեցնենք՝ Լիբիայում 2011 թվականից՝ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, երկիշխանություն է: Երկրի մի մասը վերահսկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, որին աջակցում է Թուրքիան, մյուսը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակը, որն էլ ունի Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի աջակցությունը: