կարևոր
1633 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 21:40

Մենք տեր ենք մեր երդմանը, կանգնած ենք աննահանջ․ Իշխան Սաղաթելյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 130-ամյակին նվիրված «130 տարին 130 րոպեում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021թ)

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ

Ավանդաբար Դաշնակցության օրը, ու նաեւ հոբելյանները նշում ենք ամեն տարի աշնանը: Դաշնակցության օրն էլ լոկ տոնակատարություն չէ, այլ հաշվետվություն սեփական ժողովրդին անցնող տարվա արածի, գործի մասին: Այս տարվա հաշվետվությունը ծանր է, 130 տարվա, ու նաեւ ծանր է, հատկապես հիմա նման հաշվետվությունով հանդես գալու համար, մեր Ժողովրդին, մեր Երկրին, Արցախ աշխարհին հասցված ծանրագույն հարվածից հետո: 2020 թվականի աշնանը չեղավ հաշվետվություն, քանզի դրա ժամանակը չկար: Մեր համահայկական կառույցը թեւերը քշտած լծվել էր մեկ ընդհանուր գործի, պայքարի, հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության: Հայկական գաղթօջախներում զորաշարժ էր, քաղաքական, լոբբիստական եռուն աշխատանք, իսկ Հայրենիքում հարյուրավոր դաշնակցականներ եւ համակիրներ առաջին իսկ պահից առաջնագծում էին: Կանգնեցին ամուր, նվիրված խիզախ ու անձնվիրաբար: Տվեցինք թանկագին տասնյակ զոհեր, որոնք իրենց անունները ոսկե տառերով են գրելու Դաշնակցության նահատակաց 130-ամյա փաղանգի պատմության էջերում:

Մեր նահատակները գծեցին նաեւ Դաշնակցության համահայկականությունը, ցուցանեցին, որ դաշնակցականը աշխարհի որ անկյունում էլ ապրի, մնում է երդման տերն ու զինվորը, ու կյանքն է զոհում Հայրենիքի ազատագրության դատի համար:

Միաժամանակ, ողջ այդ ընթացքում Դաշնակցությունը դարձավ Հայրենիքում քաղաքական միավորող ու մղիչ ուժը:

Պատերազմի ավարտի դավաճանական հայտարարությունից հետո քաղաքական պայքարի դաշտում, առաջին շարքերում էր Դաշնակցությունը, դաշնակցականները: Ամիսներ շարունակ, առանց վարանելու, երերալու ու տրտնջալու, մեր կուսակցական շարքերը ոչ մեկ վայրկյան չընկրկեցին: Մեր երիտասարդները դարձան քաղաքական պայքարի խորհրդանիշ: Պատերազմից հետո, դեռ տեւական ժամանակ Հայրենիքի պաշտպանության մարտական դիրքերում մնալուց հետո նրանք լծվեցին արդեն քաղաքական պայքարին ու մնում են պատնեշի վրա:

Ցավոք 2020-ը բազում մարտահարվերների առաջ կանգնեցրեց համայն հայությանը, մեր հայկական Սփյուռքի հատկապես մայր գաղութը` լիբանանահայությունը եւ Դաշնակցությունը, այդ թվում Հայաստանյան կազմակերպությունը ելան մեր քույր-եղբայրներին աջակցելու, զորակցելու:

Նույն կերպ մեր կառույցները, կուսակցական շարքերը համատեղ ուժերով մասնակցույթունը բերեցին հայրենի ժողովրդին համավարակի պայմաններում օգնելու, աջակցելու:

Այսօր մարտահրավերներն առավել քան լուրջ են մեր ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու մեր կուսակցական կառույցի դիմաց:

Պետք է ուժերի գերագույն լարում ու համախմբում, որ կարողանանք լուծել ծառացած հարցերը: Ապահովենք մեր երկրում իրոք ազգային, նվիրված իշխանություն, հեռացնելով հայրենադավների այս խմբակին: Ամրացնենք Արցախի անվտանգությունը, արցախցուն պահենք հայրենի հողին կառչած, փորձենք ուղղել մեր ժողովրդի կոտրված մեջքը, ապագայի նկատմամբ հույս բերել մեր հայրենակիցների աչքերում, աշխարհի բոլոր անկյուններում:

Մենք տեր ենք մեր երդմանը, մենք կանգնած ենք աննահանջ: Ու վստահ եմ, այս տարի Դաշնակցության օրվա առիթով մեր զեկուցական խոսքերում կունենանք հաշվետվություն տալու շատ նյութ ու արդյունքներ:

Հավերժ փառք Դաշնակցության 130-ամյա ճանապարհին ընկած մեր բոլոր հերոսներին, մեր մեծերին, որոնց գործով, մտքով, գրչով ու զենքով կերտվեց մեր պատմությունը»: