կարևոր
508 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 21:33

Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար

Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար

«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները»,- ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ  Ադամ Շիֆն անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խոշտանգումներին և նրանցից 19-ի սպանությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերը:

«Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր էր մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերու, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդումները ևս վկայություն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների:Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:

Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար»,- գրել է կոնգրեսականը:

Հիշեցնեն, որ երեկ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հրապարակեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտված, ապա սպանված 19 անձի անուն՝ հավելելով, որ ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: