կարևոր
472 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 18:42

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը. Վարչական դատարանը կրկին պետք է քննի հայցը

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը. Վարչական դատարանը կրկին պետք է քննի հայցը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն հայցը վերադարձրել էր, արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը՝ առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան։

Պաշտպանները բողոքարկել էին այս որոշումը: «Վարչական դատարանը վերադարձրել էր մեր հարցն` ասելով, որ դատական ակտ չկա այդտեղ, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանն ակտ չի ստորագրել։ Մենք էլ Վերաքննիչ էինք բողոքարկել` ասելով, որ տեսնում ենք իրավունքի ուժով ընդունված ակտ և, փաստորեն, Վերաքննիչ դատարանը համամիտ է մեզ հետ»,–նշել է Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Վարչական դատարանն այժմ պետք է նաև այս հայցով քննություն սկսի։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցերից մեկով դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։

Երրորրդով հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից երրորդը դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել։ Դատավորն այդ գործով բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։