կարևոր
550 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 17:43

Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Բագրատ Եսայանը քննչական է գնացել իր նախաձեռնությամբ, քանի որ երեկ տեղեկացել է իր ընկերներից, թե քննչականն իրեն ծանուցագիր է ուղարկել, բայց տեղ չի հասել։

Բագրատ Եսայանը նշել է, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։ Նա համոզված է, որ քրեական գործի հարուցումն ունի քաղաքական դրդապատճառներ։ 

«Կարծում եմ, որ վարչապետի աթոռից կառչած անձը կամ պետք է ձերբակալի Հայաստանի բնակչության մեծամասնությանը, կամ պետք է հասկանա, որ իր գործողություններով հիմք է տվել այդ բնորոշումը տալ իրեն»,- շեշտել է Եսայանը:

Ավելի վաղ Բագրատ Եսայանը ֆեյսբուքում գրել էր. «Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ հողատուի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե, իբր, կառավարության շենքը մտնողներին պարզելու համար հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում, ու իմ լուսանկարն էին դրել։ Որ շատ չտանջվեն, մյուս օրը ներկայացա ԱԱԾ, պարզվեց ինձ առանձնապես չէին էլ փնտրում։

Հիմա՝ 2-րդ սերիան։ Էսօր Քննչական կոմիտե կանչված ընկերներիցս իմացա, որ ինձ էլ են «ծանուցում» ուղարկել, բայց չի հասել։ Անցյալ անգամվա նման՝ վաղը պատրաստվում եմ այցելել իրանց, ինձ փնտրելու նպատակով ծախսվելիք պետական միջոցները խնայելու համար։

Ինչ ասեմ, սրանք նույնիսկ կարգին քաղաքական հետապնդում չեն կարողանում կազմակերպել, չնայած որպես «բուքսիր» ներգրավել են ամենանախկիններից մեկին։ ԲԴԽ-ն զավթել փորձող, 90-ականների քրեական գործեր թխող, ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» գագո ջհանգիրյանին հաղորդեք, որ ոնց էն ժամանակ «ատամը չկտրեց», ընենց էլ 26 տարի հետո ատամը ոչ միայն չի կտրելու, այլև հիմա ՀՅԴ վրա իրա զառամյալ ատամներնա կոտրելու։

Հ.Գ. Սրանց իշխանության կողմից մեղադրվելը նորմալա, Դաշնակցական շատ ընկերներիս նկատմամբ մի քանի քրգործա հարուցված, հողատուները ունակ չեն նույնիսկ հասկանալ, որ մեր դեմ էդ չի աշխատում»։

Հիշեցնենք, որ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել մեծ թվով դաշնակցականների և այլ քաղաքացիների: Իսկ ապրիլի 28-ին նույն միջադեպի առթիվ 2 ամսյա կալանքի է ենթարկվել Հայկ Հեքիմյանը: