կարևոր
538 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 16:51

Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից

Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունը։

Մինչ 2020 թվականի հունիս գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ԱՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարն էր, և առանց հիմնավորման ազատվեց պաշտոնից: ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020թ. հունիսի 12-ին: 

1992 թվականից Պաշտպանության շտաբում է՝  ՊՇ հրետանու շտաբի պետի, ապա՝  ՊՇ շտաբի պետ-հրամանատարի տեղակալն է եղել: 2001- 2003թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի, ապա՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնները: 

2006 - 2010թթ.-ին ՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալն է եղել: 2011թ. օգոստոսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, 2015թ. նոյեմբերի 13-ին ՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 

2014թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2017թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: 2018թ. դեկտեմբեր - 2020թ. փետրվար զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը

2019թ. սեպտեմբերի 17-ին շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում: 

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020թ. հունիսի 12-ին, և այսօր՝ 2021 թ.-ի մայիսի 4-ին ազատվել է պաշտոնից:

Կարեն Աբրահամյանը 1991թ.-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական շարժմանը: 1992-1994թթ.-ին ԼՂՀ ՊԲ Հադրութի պաշտպանական շրջանի (հետագայում 1-ին ՊՇ) կազմում մասնակցել է մարտական գործողություններին

Սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական (պետական) տնտեսության ինստիտուտը (գերազանցության դիպլոմ), 1998 - 2001թթ․-ին՝ ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան (գերազանցության դիպլոմ), 2010 - 2011թթ.-ին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա (ոսկե մեդալ): 

Պարգևատրվել է «ԼՂՀ Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (08.05.1995թ.),  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության», ԼՂՀ և ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «ԳարեգինՆժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ աստիճանների գերատեսչական մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «ՀՀ Զինանշան» հուշամեդալով։