Մայիսի 2-ին մահացել է պատմաբան Հայրապետ Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնը:
Կենսագրություն
Հայրապետ Մարգարյանը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Այգավան գյուղում։ 1967 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նույն թվականին ընդունվել և 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1973–1975 թվականներին ուսանել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Կովկասագիտություն մասնագիտությամբ։ 1973–1996 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում նախ որպես կրտսեր, ապա ավագ և առաջատար գիտաշխատող։ 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հյուսիսային Հայաստանը և Վրաստանը 12-րդ դարի 20-70- ական թվականներին» թեմայով։ 1982 թվականից անցել է դասախոսական աշխատանքի։ 1986 թվականին Հայրապետ Մարգարյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1989 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռազմաքաղաքական տեղաշարժերը Մերձավոր Արևելքում և հայ ավատատիրական ավագանին (12-րդ դարում -14- դարի I կեսին)» թեմայով։ 1996–2000 թվականներին՝ եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 2003 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2003–2007 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչն էր։
Հայրապետ Մարգարյանը ընդգրկված է եղել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի կազմում։ 1990-ական թվականներից ակտիվորեն մասնակցել է դպրոցական և բուհական նոր դասագրքերի ստեղծմանը։ Մասնակցել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (Երևան, 1992) դպրոցական և «Հայոց պատմության հիմնահարցեր» (Երևան, 2000) բուհական ուսումնական ձեռնարկների ստեղծմանը։ Գիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի և Վրաստանի միջնադարյան պատմությանը, հայոց և վրաց աղբյուրագիտությանն ու պատմագրությանը: Մի շարք մենագրությունների և մի քանի տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է։ Տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, հին և նոր վրացերեն լեզուներին։ Զեկույցներով հանդես է եկել միջազգային մի շարք գիտաժողովներում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իրանում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանում և այլուր։
Նրա ղեկավարությամբ պաշտպանել են 5 թեկնածուական ատենախոսություններ։
Պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով և այլ գերատեսչական պարգևներով։
Երևանի պետական համալսարանի ռեկտորատի, պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ողջ կոլեկտիվը ցավակցում է Հ․ Մարգարյանի ընտանիքին և մտերիմներին: