կարևոր
586 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 14:36

ՄԱԿ-ի կառույցներին նամակով դիմած կազմակերպություններն իրենց զարմանքն ու շփոթմունքն են հայտնում` նշելով, որ ՄԱԿ-ի փորձագետներն ապատեղեկացված են

ՄԱԿ-ի կառույցներին նամակով դիմած կազմակերպություններն իրենց զարմանքն ու շփոթմունքն են հայտնում` նշելով, որ ՄԱԿ-ի փորձագետներն ապատեղեկացված են

2021 թվականի ապրիլի 15-ին «Իրավական ուղի» ՀԿ-ը, Հայ իրավաբանական միությունը, Հայաստանի փաստաբանների պալատը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Հայաստան) Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով համատեղ նամակով դիմել էին Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելզերին, արտադատական և կամայական մահապատիժների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մորիս Տիդբալ-Բինզին, ՄԱԿ-ի` հարկադիր կամ ոչ կամավոր անհետացման հարցերով  աշխատանքային խմբի նախագահող-զեկուցող Թայ Յունգ Բայքին, Հենրիկաս Միցկեվիչիուս (փոխնախագահ), խմբի անդամներ Աուա Բալդեին, Բեռնարդ Դուհայմին, Լուչիանո Հազանին:

ՄԱԿ-ի վերոնշյալ անձանց նամակ հղելու պատճառ էր հանդիսացել նրանց` ս/թ-ի փետրվարի 21-ին արված հայտարարությունը, որով և′ հայկական, և′ ադրբեջանական կողմերին կոչ էր արվում շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում գերեվարված անձանց, ինչպես նաև հանձնել զոհված անձանց մարմինները նրանց ընտանիքներին` թաղման պատշաճ ծեսերն իրականացնելու նպատակով:

ՄԱԿ-ի կառույցներին նամակով դիմած կազմակերպություններն իրենց զարմանքն ու շփոթմունքն են հայտնում այդ հայտարարության վերաբերյալ` նշելով, որ ՄԱԿ-ի փորձագետներն ապատեղեկացված են, քանի որ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան: Այդ մասին հաստատվել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, երբ նա 2021 թվականի հունվարի 18-ին հայտարարեց, որ Հայաստանը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի գերիներին, ովքեր գերեվարվել են արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, իսկ հայ գերիների վերադարձի գործընթացը կասեցված է:

Այսպիսով` նամակը հղած կազմակերպություններն արձանագրում են, որ ՄԱԿ-ի վերոհիշյալ կառույցների հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին` չվերադարձնելու հայ գերիներին, ինչը Ժնևի երրորդ կոնվենցիայի 118-րդ հոդվածի խախտում է, իսկ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել հայ գերիներին` ՀՀ կառավարությունից պահանջելով ընդհուպ տարածքային զիջումներ: Այդ կապակցությամբ հիշատակելի է օրեր առաջ Բաքվից Երևան ժամանած դատարկ ինքնաթիռի փաստը, որը հուզումներ առաջացրեց հայ հասարակության շրջանում և բազմաթիվ հոգեկան տանջանքներ ու տառապանքներ պատճառեց գերիների հարազատներին:

Նամակը հղած կազմակերպությունները մատնանշում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները` վկայակոչելով ՄԻԵԴ-ի որոշումը, համաձայն որի` դատարանը փոխանցել է Ադրբեջանի հարցը Նախարարների կոմիտեին` գերիների վերաբերյալ իր միջանկյալ հրամանները չկատարելու պատճառով: Ուշագրավ է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանի հարցը փոխանցել էր Նախարարների կոմիտեին, սակայն Հայաստանի հարցը` ոչ: Սա նշանակում է, որ Հայաստանում ադրբեջանցի գերիների առկայության հարցը փակված է:

Եվրոպական և այլ մի շարք կառույցներ նույնպես հատուկ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել մնացած հայ գերիներին, իսկ Human Rights Watch ՀԿ-ը վերջերս հրապարակել է զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանի շարունակական չարաշահումներն այս առումով:

Անցնող յուրաքանչյուր օր, քանի դեռ մոտ 200 հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք մնում են ադրբեջանական գերության մեջ, վտանգում է նրանց կյանքը` հաշվի առնելով ադրբեջանցիների կողմից շարունակական արտադատական ​​սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացուցիչ վերաբերմունքի փաստերը:

Հետևաբար, երկուստեք հայտարարություններ տարածելը ոչ միայն անտեղի է այս համատեքստում, այլև կարող է ունենալ հանցագործներին ոգևորելու աղավաղված ազդեցություն:

Նամակը հղած կազմակերպությունները հարգանքով հորդորում և խնդրում են ՄԱԿ-ի վերոնշյալ կառույցներին տարածել նոր հրապարակային հայտարարություն, որով  կոչ կարվի Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատել մնացած բոլոր հայ գերիներին և օգտագործել իրենց հասանելի ցանկացած միջոց` պարտավորեցնելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին:

«Իրավունքի ուղի» ՀԿ-ն, որը նամակի համահեղինակներից է, ՄԻԵԴ-ում ներկայացնում է պատերազմի շուրջ 200 զոհերի շահեր, այդ թվում` գերեվարված անձանց և ռազմագերիների, և հասարակական կազմակերպությունն իր և գերիների ընտանիքների անունից հույս է հայտնում, որ նամակի հասցեատերերը կգործեն առանց հապաղելու` փրկելու համար անմեղ մարդկանց կյանքը:

Կից ներկայացնում ենք նամակի տեքստը: