1966թ-ին այս օրը՝ մայիսի 4-ին, առաջին անգամ Հայաստանում՝ Բյուրականի աստղադիտարանում, անցկացվեց Միջազգային աստղագիտական միության գիտաժողով (ՄԱՄ)։
ՄԱՄ 29 գիտաժողովը կրում էր «Անկայուն երևույթները գալակտիկաներում» խորագիրը։ Գիտաժողովի շրջանակներում հիմնական ուշադրությունը սևեռված էր ռադիոգալակտիկաներին, վերջին ժամանակներում հայտնաբերված քվազարներին, ինչպես նաև դիտողական տվյալներին, դրանց համեմատությանն ու համակարգմանը։
Գիտաժողովի ծրագրում առանձնացված էր չորս հիմնական գիտական թեմա՝
• Գալակտիկաների միջուկները, դրանց բնույթը և ակտիվության ձևը,
• Ռադիոգալակտիկաներ
• Քվազիաստղային ռադիո աղբյուրներ։ Օպտիկական քվազիաստղային օբյեկտներ
• Գլխավոր օպտիկական հատկանիշները և անկայունություն։ Փոխազդող գալակտիկաներ։
Գիտաժողովի գիտական կազմակերպման աշխատանքների հանձնաժողովի նախագահը ԲԱ հիմնադիր և այդ ժամանակ նաև տնօրեն Վիկտոր Համբարձումյանն էր։
ՄԱՄ 29 գիտաժողովը մեծ արձագանք ստացավ ողջ աշխարհով մեկ․ մասնակցում էին 67 աստղագետներ, որոնց զգալի մի մասը օտար երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեքսիկա, Հոլանդիա, Արգենտինա, Շվեդիա, Գերմանիա, Հունգարիա, Նորվեգիա։ Այն նշանավոր էր նաև նրանով, որ մասնակիցների շարքում էին այնպիսի հայտնի աստղագետներ, ինչպիսիք էին Յ․ Օօրտը, Մ․ Բերբիջը, Ջ․ Բերբիջը, Ֆ․ Ցվիկին, Փ․ Փիշմիշը, Ս․ Լինդսը, Դ․ Հիշենը, Ք․ Կելերմանը, Վ․ Սոբոլևը և այլք։