կարևոր
523 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 13:54

2018թ. հոկտեմբերին վարչապետի կողմից ներկայացված դիմումը տարբերվում է 2021թ. ապրիլին ներկայացված դիմումից

2018թ. հոկտեմբերին վարչապետի կողմից ներկայացված դիմումը տարբերվում է 2021թ. ապրիլին ներկայացված դիմումից

Օրերս Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով հրապարակել վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի և 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականների դիմումները կամ գրությունները, որոնք հիմք են հանդիսացել Հանրապետության նախագահի համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՆՀ-448–Ա և 2021 թվականի թիվ ՆՀ-80-Ա հրամանագրերի ստորագրման համար։

168.am-ը գրավոր դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով հանրայնացնել այդ գրությունները։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել են պատասխանը, որում հիշեցվում էր՝ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը, Սահմանադրության 130-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Աշխատակազմից նաև հայտնում էին․ «Վարչապետի կողմից հրաժարականի վերաբերյալ դիմումները Հանրապետության նախագահին ներկայացվել են 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ինչպես նաև 2021 թվականի ապրիլի 25-ին:

 

Հարկ է նշել, որ 2018թ. հոկտեմբերին վարչապետի կողմից ներկայացված դիմումը տարբերվում է 2021թ. ապրիլին ներկայացված դիմումից այնքանով, որքանով վարչապետի խնդրանքը վերաբերում է վարչապետի հրաժարականին, ոչ թե վարչապետի հրաժարականի հետևանք հանդիսացող կառավարության հրաժարականին: Վերոնշյալի մասին Հանրապետության նախագահի աշխատակազմը 2018թ. հոկտեմբերի 16-ին հայտնել է վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով լրամշակել փաստաթուղթը՝ ձևական պահանջներին համապատասխան, սակայն կառավարության աշխատակազմն անհնար է համարել փաստաթղթի լրամշակումը:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված դեպք է, իսկ կառավարության հրաժարականն անհապաղ ընդունելը Հանրապետության նախագահի պարտադիր լիազորությունն է (արձանագրված նաև Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ), Հանրապետության նախագահը 2018 թվականի հոկտեմբերի 16-ի ՆՀ-448-Ա հրամանագրով ընդունել է կառավարության հրաժարականը՝ Սահմանադրության 130-րդ և 158-րդ հոդվածներին համապատասխան: Միևնույն ժամանակ, Հանրապետության նախագահին ներկայացվող կառավարության հրաժարականն ընդունելու մասին վարչապետի խնդրանքի տեքստի վերաբերյալ Նախագահի աշխատակազմի կողմից վարչապետի աշխատակազմին 2018թ. հոկտեմբերին ներկայացված դիտարկումն արդեն հաշվի է առնվել 2021թ. ապրիլի 25-ի կառավարության հրաժարականի վերաբերյալ դիմումը ներկայացնելիս:

Այսպիսով, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ և 130-րդ հոդվածները՝ Հանրապետության նախագահը 2018 թվականի հոկտեմբերի 16-ի ՆՀ-448-Ա և 2021 թվականի ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա հրամանագրերով ընդունել է Կառավարության հրաժարականը՝ հաշվի առնելով վարչապետի կողմից ներկայացված համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 16-ի և 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականի վերաբերյալ դիմումները (փաստաթղթերը կցվում են)»: