կարևոր
2089 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-04 12:04

Ապարանի Ս. Խաչ եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը

Ապարանի Ս. Խաչ եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը

Ապարանի Ս. Խաչ եկեղեցում նշվել է Ս. Խաչի երևման տոնը և եկեղեցու օծման տարեդարձը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Ս. Զատկից 28 օր հետո նշվող Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից ավանդաբար Ապարան է բերվում խաչափայտի մասունքը: Սուրբ Խաչ եկեղեցին միշտ էլ մարդաշատ է, Խաչի երևման տոնին, հատկապես, ուխտավորների հոսքը չի դադարում»:

Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:

Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը: