կարևոր
337 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 11:42

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: Այս մասին որոշումն ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

 Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել էր դեռ արցախյան երկրորդ պատերազմից առաջ, սակայն այն չէր հրապարակվել ու չէր քննարկվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, դռնփակ քննարկվելու դեպքում հանրությունն ինչպես է տեղեկանալու զեկույցի մանրամասներից:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնեց` հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, սակայն ընդգծեց` մի շարք պետական գաղտնիքներ է պարունակում, որոնք չի թույլատրվում հանրայնացնել: Իսկ հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալ զեկույցի թույլատրելի մանրամասներին իր ներկայացուցիչների` պատգամավորների միջոցով:

47 պատգամավոր դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: