կարևոր
2089 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 21:47

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

(Ապրիլի 19-30, 2021 թ.)

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Վերջին տասնօրյակում Հայ դատի Համաշխարհային ցանցի քաղաքական աշխատանքները ճնշող մեծամասնությամբ պայմանավորված են եղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով։ Այս առումով, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի շուրջ 77 ամյա պատմության կարևորագույն ձեռքբերումներից էր, որը հաղթական հանգրվան լինելուց բացի, միաժամանակ Հայկական հարցի հետապնդման առումով նոր ճանապարհի մեկնարկ է։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը տարբեր ձեռնարկներով ոգեկոչվել է ՀՅԴ Հայ դատի բոլոր հանձնախմբերի ու գրասենյակների կողմից։

Ապրիլի 19-30-ը ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Բյուրոն և Հայ դատի Կենտրոնական խորհուրդը տարածել են համապատասխանաբար մեկ և երկու հայտարարություններ։ Դաշնակցության Բյուրոն առանձին հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ նախագահի քայլը, նկատելով, որ «փաստորեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցան այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ոչ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»։

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը ապրիլի 23-ի իր հայտարարությամբ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին և հայտարարություններին՝ արձանագրելով. «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առևտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ հավակնությունները, մեր ժողովրդի կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաև թուրք-ադրբեջանական բարձրագույն մակարդակից հնչեցված սպառնալիքները գալիս են փաստելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շարունակական թշնամանք երաշխավորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը»։

Ապրիլի 26-ին, հաշվի առնելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար անդամների նկատմամբ թուրքական իշխանությունների լայնածավալ բռնաճնշումներն ու քաղաքական գործունեությամբ պայմանավորված ապօրինի քրեական գործերի հարուցումը՝ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողությունները և համերաշխություն հայտնել HDP կուսակցությանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մինչև վերջին պահը շարունակեց հսկայական և համակարգված աշխատանք տանել Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Հանձնախմբի գործողությունների շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել էր երկկուսակցական ստորագրահավաք՝ ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ անելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էին հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։

Ապրիլի 22-ին պարզ դարձավ, որ երկկուսակցական նամակին են միացել թվով 107 կոնգրեսականներ։

Հայոց ցեղասպանությունը դատապարտել ու Սպիտակ տան կողմից այն պաշտոնապես ճանաչելու կոչերով են հանդես եկել դաշնային, նահանգային ու տարածքային մակարդակների հարյուրավոր պաշտոնյաներ, այդ թվում Կալիֆորնիայի նահանգապետը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի շուրջ 5 տասնյակի հասնող անդամներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես են եկել հայ համայնքին հղված ուղերձներով։

Հատկանշական է, որ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ընդամենը 3 օր անց ավելի քան 65 կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ արեցին շուրջ 100 մլն դոլար հրատապ օժանդակություն տրամադրել Հայաստանին և Արցախին՝ ստեղծված հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով։ Հայաստանին այս օժանդակության տրամադրումը ներկա փուլում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական հիմնական առաջնահերթություններից էր։

Կանադա

Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքները, բացի ցեղասպանության 106-րդ տարելիցի ձեռնարկներից կենտրոնացած են եղել նաև հայության շահերի պաշտպանության այլ ուղղությունների վրա։

Նախ, ապրիլի 22-ին Կանադա-Արցախ միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորհրդարանական Ռեյչլ Հարդերը նամակով դիմել է Կանադայի արտգործնախարարին, որպեսզի կառավարությունը դրդի Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Նույն օրը Հայ դատի Քվեբեկի հանձնախումբը հայտնեց, որ նահանգի խորհրդարանը միաձայնությամբ ընդունել է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը ոգեկեչող բանաձև, որի տեքստի մեջ ի թիվս այլնի, հղում է արվում նաև Արցախում հայությանը պատուհասած արյունալի ոճրագործություններին:

Բանաձևով Քվեբեկի նահանգային խորհրդարանը կոչ է անում Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության անդամ բոլոր երկիրներին՝ իրենց աջակցությունը հայտնել Հայաստանին: Խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովուրդին՝ ճանաչելով խաղաղության և անվտանգության մեջ ապրելու վերջինիս իրավունքը։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հանդիպում է ունեցել արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ. քննարկվել է դեպի Թուրքիա կանադական ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունների չեղարկման հարցը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը։ Հանձնախումբը վերահաստատել է Կանադա-Հայաստան կապերի ամրապնդմանը, հետպատերազմյա մարտահրավերներ լուծելմանը և Արցախի Հանրապետության անվտանգությանն ու անկախությանը նպաստելու իր հանձնառությունը:

Եվրոպա

1915-1923 թթ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական հանձնախումբը, եվրոպական 13 երկրներում գործող իր հանձնախմբերի հետ, նամակ է հղել է Եվրոպական Միության գործադիր իշխանության ղեկավարներին և Եվրոպական Խորհրդարանի նախագահին` առաջարկելով ԵՄ-ում ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր:

Նամակն ուղարկվել է Եվրոպական Միության արքաքին և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն Դեր Լայենին, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրե Վիկտորինին։

Հայ դատի Եվրոպայի Կենտրոնական հանձնախումբը և իր տարածքային հանձնախմբերը շեշտել են այս տարվա ոգեկոչման նշանակությունը՝ հիշեցնելով 2020 թ. աշնանը Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը, երբ բնիկ հայ բնակչությունը հերթական անգամ հետապնդվեց Ադրբեջանի և Օսմանյան կայսրության ուղղակի ժառանգորդ Թուրքիայի կողմից։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ապրիլի 29-ին ողջունել է արտաքին գործողությունների եվրոպական ծառայության նախօրեի հայտարարությունը, որով ԵՄ-ն հասցեականորեն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերեվարված անձանց՝ անկախ վերջիններիս ձերբակալման հանգամանքներից։ Բաքվից նաև պահանջվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին տրամադրել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դեռևս չի տրամադրել։

Հունաստան

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով, Հունաստանի Հանրապետության վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսը նամակ է ուղարկել ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբին՝ զորակցություն հայտնել հայությանը, նշել թե հայ ժողովրդի բնաջնջումը հավաքական եւ հետևողական ոճիր էր։

Մեծ Բրիտանիա

Բաքվում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը բրիտանական լրատվական դաշտում տարածել է հաղորդագրություն, որով ներկայացվել է Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվող հայատյացությունն ու թշնամանքը։

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում կրկին բարձրացրել է մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Նիդերլանդներ

ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախմբի գործողությունների արդյունքում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Եվրոպայի մի շարք նշանավոր քաղաքական գործիչներ իրենց խոսքն են ուղղել՝ ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակն ու զորակցելով համայն հայ ժողովրդին:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
03.05.2021թ.