կարևոր
1660 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-03 21:36

Այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը. Իոաննիսյան

Այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը. Իոաննիսյան

Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը,- գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը.

«Մի «հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար:

Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ:

Մարդիկ են, որոնք 2 տարուց ավել, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը: Երևի կարող եմ չհիշացնել ընտրական բարեփոխումներ անելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով:

Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը:

Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու»,- ամփոփում է Իոաննիսյանը