29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։
Ուղերձում ասված է․
«Մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության համաշխարհային օր։
Հայաստանում անկախ լրատվամիջոցների ու ազատ մամուլի ինստիտուտի կայացման ճանապարհը եղել է բարդ ու հակասական, ուղեկցվել է մամուլի դեմ ամենատարբեր ոտնձգություններով։ Այդուհանդերձ, անկախ բոլոր թերություններից ու դժվարություններից, այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ։
Մամուլը՝ որպես չորրորդ իշխանություն, կայացած ժողովրդավարություններում կատարում է իշխանությանը վերահսկողի ու հակակշռողի կարևորագույն գործառույթ։ Այդպիսի դեր ունի նաև հայկական մամուլը, ինչը, սակայն, գործող իշխանությունների կողմից ընկալվում է ոչ թե՝ որպես ժողովրդավարության անհրաժեշտ ու կարևոր բաղադրիչ, այլ՝ որպես սեփական իշխանությանն ուղղված մարտահրավեր։ Դրանով է պայմանավորված ազատ մամուլի դեմ իշխանությունների անհանդուրժողականությունը, լրատվամիջոցները յուրայինների և օտարների տարանջատելու անթույլատրելի գործելաոճը։
Ի պատիվ հայկական մամուլի ներկայացուցիչների, ազատ խոսքի դեմ ուղղված ոտնձգություններն իրենց նպատակին չեն հասնում, և իրեն ուղղված հարվածներից մամուլը ոչ թե թուլանում, այլ ավելի ուժեղ է դառնում։
Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրագրողներին, լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անխոչընդոտ աշխատանք և ստեղծագործական հաջողություններ։
Ժուռնալիստների միությունը հանձնառու է բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների շահերի պաշտպանության իր առաքելությանը և այսուհետ ևս անելու է առավելագույնը՝ լրագրողների իրավունքների պաշտպանության և ազատ մամուլի կայացման նպատակով։
Շնորհավոր Մամուլի ազատության համաշխարհային օրը»։