Օրերս Գլենդելի սուրբ Աստվածածին եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել սփյուռքահայ կրթական և հասարակական գործիչ, դամասկոսահայության նվիրյալ, հայ լեզվի մշակ, հայոց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի, մուսալեռցի Մարի Ֆիլհաննեսյան-Պապիկյանին։
Մարի Ֆիլհաննեսյանը ծնվել է 1923 թ․մարտի 26-ին Մուսա լեռան Բիթիաս գյուղում Հովհաննես և Վարդուհի Ֆիլհաննեսյանների ընտանիքում։ Բիթիասը շրջանի ամենազարգացած բնակավայրն էր, սերտ կապեր ուներ արտաքին աշխարհի հետ։ Հայրը որոշել է Մարիին 14 տարեկանում ուղարկել Կիպրոս՝ ուսանելու Մելքոնյան վարժարանում։ Մարի Ֆիլհաննեսյանը դարձավ կրթօջախի առաջինփուլի շրջանավարտներից մեկը։ Կիպրոսում ուսանելուց հետո Մարի Ֆիլհաննեսյանը 1942 թ․ վերադարձել է Դամասկոս, որտեղ սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ հայ համայնքի ազգային կյանքի մեջ։ Նա մասնակցել է բազմաթիվ մշակութային, այդ թվում՝ թատերական միջոցառումների՝ իր ներդրումն ունենալով դամասկոսահայ համայնքի ազգային կյանքի կայացմանը։
1940-ականներից ի վեր Մարի Ֆիլհաննեսյանն սկսում է պաշտոնավարել Դամասկոսի Միացյալ վարժարանում՝ որպես հայոց լեզվի և պատմության ուսուցչուհի։ Այնտեղ նա աշխատում է մինչև 1963 թ․, որից հետո մինչև 1970-ականները շարունակում է հայոց լեզվի ուսուցչությունը Դամասկոսի Զավարյան վարժարանում։ 1979 թ․ Մ․Պապիկյանն առաջին անգամ այցելում է Խորհրդային Հայաստան, ծանոթանումհայաստանյան մշակութային և հասարակական կյանքին, հանդիպում բարեկամներին։
Մարի Պապիկյանը զգալի ջանքեր է գործադրել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանհարցում, Սիրիայում մասնակցել Հայաստանից ժամանած մշակութային գործիչների հետ հանդիպումներին, դամասկոսահայ աշակերտներին ու հանրությանը ծանոթացրել հայաստանցի գրողների ստեղծագործություններին։ Ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել ՀՕՄ -ում՝ մոտ հիսուն տարի և աշմոտ 30 տարի եղել է Սիրիահայ օգնության խաչի (Ս․Օ․Խ) Դամասկոսի մասնաճյուղի ատենապետը:
2004 թ․Մեծի ՏաննԿիլիկիո Արամ Ա․Վեհափառը Մարի Պապիկյանին պարգևատրել է«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ իր բազմամյա կրթական-դաստիարակչական գործունեության համար:
Մարի Պապիկյանը բացառիկ ներդրում է ունեցել Սփյուռքում հայապահպանության, հայկական ազգային ինքնության պահպանման, հայ սերունդների կրթության ու դաստիարակության, Սիրիայում հայկական ազգային, հասարակական և մշակութային կյանքի զարգացման գործում։
Արաքս Փաշայան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ