Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։
«Գրոհային ավիացիայի Су-25 ինքնաթիռները Հայաստանի հյուսիսային ուղղությամբ պաշտպանական գործողություններ են իրականացրել, ոչնչացվել են հակառակորդի հետախզուզական և դիվերսիոն խմբեր: Ունեցել ենք նաև կորուստ: Հարավային ուղղությամբ իրականացվել են հատուկ առաջադրանքներ»,-նշել է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը:
ԶՈւ ավիացիայի պետ, վարչության պետ Գագիկ Ասլանյանն էլ հավելել է.
«Անձնակազմի ուժերով ավելի քան 400 վիրավորի ենք տեղափոխել բարդ լեռնային գոտիներից, կատարել ենք հատուկ թռիչքներ գիշերը, ցերեկը: Բարդ եղանակային պայմաններում մեր անձնակազմի ուժերով մարտական գործողությունների շրջան ենք տեղափոխել մեծ քանակությամբ անձնակազմ, սպառազինություն: Եվ սահմանային մարտերի ժամանակ աջակցել ենք յուրային զորքերին»:
Պատասխանատուները նշել են ԱԹՍ-ների դերը: Նրանք արձանագրել են, որ 2018թ. հունիսից մինչև 2020թ. հոկտեմբեր՝ 44-օրյա պատերազմի սկիզբը, հայկական զինանոցի՝ ԱԹՍ-ներով համալրվածությունն ավելացել է 6-ից 7 անգամ:
«ԱԹՍ-ներն ունեցել են արդյունավետ մասնակցություն: Կատարել են մի շարք թռիչքներ տարբեր նպատակներով, հրետանային կրակի կառավարում, տարատեսակ օբյեկտների բացահայտում և այլ թռիչքներ»,-նշել է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը:
Գնդապետ Ասլանյանի խոսքով, մեծ տեղ է պետք հատկացնել ավիացիայի զարգացմանը և անհրաժեշտ է ունենալ գերժամանակակից միջոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում: