կարևոր
1027 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-02 14:29

Վթար՝ Վերնաշեն գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և զոհ

Վթար՝ Վերնաշեն գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և զոհ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 1-ին, ժամը 19։46-ին ահազանգ է ստացել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ УАЗ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից պատգարակով բարձրացրել (մոտ 150 մ) և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել երեք տուժածի, ովքեր մյուս երկու տուժածների հետ հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածներ Լ․ Ղ․-ի (ծնված 1979 թ․), Մ․ Մ․-ի (ծնված 1957 թ․) և Վ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Հ․-ի (ծնված 1963 թ․) և Վ․ Ղ․-ինը (ծնված 1961թ․)՝ բավարար:

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դին բարձրացրել ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։