Քոչարյանը աջակիցների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ապագա շտաբի ձևավորման հարցին․
«Ընտրությունները շատ կոնկրետ տեխնոլոգիա է, և կարծում եմ՝ առանձնապես շատ հորինելու բան չկա»: Ընտրությունները նշանակում է՝ հսկայածավալ քարոզչական աշխատանք, նշանակում է իրավական հատվածը՝ հանձնաժողովների ձևավորում, մասնակցություն այդ հանձնաժողովներին, մի մեծ բանակ պետք է ունենալ վստահված անձանց, որոնք պինդ են, որոնք ընտրական տեղամասերում կարողանալու են պայքարել այդ ձայների համար, և պետք է ունենանք նաև մի մեծ բանակ, որը կերաշխավորի, որ այդ ձայները չեն փորձելու մեզանից գողանալ։ Ըստ էության ապագա շտաբը գրեթե ձևավորված է, աշխատանքները գնում են, և անպայման ներգրավվածության հնարավորություն բոլորդ ունենալու եք․․․ Մոտ 2 շաբաթ մենք մշակում էինք այս ամենը, և կարծում եմ՝ մոտակա 1 շաբաթվա ընթացքում, 10 օրվա ընթացքում ձեզ հետ նաև աշխատանք կկատարվի ներգրավվածությունն ապահովելու համար։ Ընտրությունները թեթև չեն լինելու և հսկայական քարոզչական աշխատանքի անհրաժեշտություն լինելու է։ Հասկանում եմ, որ փողոցային պայքարի մեջ ենք մասնագիտացել, կարծում եմ՝ հավանաբար նման պայքար լինելու է, հուսով եմ, որ հրաժարականից հետո նաև մեր իրավապահ համակարգն ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ այս մարդը վերընտրվելու շանսեր չունի»։
Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավոր տարբերակի մասին․
«Իշխանությունը պետք է իմանա, որ յուրաքանչյուր քայլ ընտրությունները կեղծելու համար այնպիսի մի արձագանք է ստանալու, որի տակից ինքը դուրս չի գալու, և այդ արձագանքը պետք է լինի ագրեսիվ, վճռական․․․»։