կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-29 19:37

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին. Արծվիկ Մինասյան

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին. Արծվիկ Մինասյան

Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին, սկսվեց մի այլանդամ կետապնդումների շարան եւ 30-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին եւ ձերբակալվեցին: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց  կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ի պաշտպանություն սյունյաց մեր հայորդիների, Երեւանում եւ Երեւանից դուրս կազմակերպվեցին ինքնաբուխ ակցիաներ: Երբ այստեղ հավաքվել էինք պահանջելու երկու բան՝ ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, եւ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ապօրինի ցուցման ներքո կտտանքների ենթարկված անձանց եւ նաեւ այդ արարքներն արդարացնող պատգամավորներին: Այդ պահանջները հնչեցվում էր, որ գլխավոր դատախազը  իջնի եւ մեզ պատասխան տա: Մեզ ասվեց, որ գլխավոր դատախազն արձակուրդում է եւ նրան փոխարինող տեղակալն է: Նրանք հրաժարվեցին ներքեւ իջնել եւ առաջարկեցին մի քանի հոգով բարձրանալ վերեւ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հենց հաջորդ օրը ձերբակալվածները մեկը մյուսի հետեւից ազատ էին արձակվում դատարանների որոշումներով:

«Դրանից հետո որոշեցինք, որ ուղիղ ցուցումների ներքո պետք է սկսեք նոր ձերբակալություններ: 14 անձ ևս բերման ենթարկվեց դատախազության դիմացից ու արդյունքում՝ ներկայացված կեղծ մեղադրանքով այսօր կալանավորված է Հայկ Հեքիմյանը և սրա  մեղավորը դուք եք, գլխավոր դատախազություն և դատախազներ, որովհետև չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները, դուք անտեսում եք արժանապատիվ հայի պահանջը»,-ասաց նա:

Մինասյանը կոչ արեց, որ իրավապահ համակարգում իրենց արժանապատիվ համարողները թույլ չտան, որ այս օրինակով խայտառակվեն վերջիններիս անունները: «Ներսից պայքարեք, հանուն մեր, ձեր երեխաների: Մենք իրավունք չունենք մեր նահատակված զավակների պայքարը թողել օդից կախված: Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին»: