08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մայիսի 2-ին՝ Ս. Խաչի երևման տոնին՝ Ապարանի Ս. Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի խաչափայտի մասունքը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնից:
Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը: