ՀՅԴ-ական գործիչներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գերասիմ Վարդանյանը Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօր՝ առավոտյան է ստացել ծանուցագիրը. «Աշխատանքային ժամին բերել էին տուն։ Գոռ Աբրահամյանը պատճառաբանել էր, թե տեխնիկական վրիպակ է եղել, բայց Քանաքեռի թաղայինն է բերել, նա իմ տեղը շատ լավ գիտեր, դժվար թե տեխնիկական վրիպակ լիներ։ Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տվել կապված փաստաբանի հայտարարության հետ, թե Իշխան Սաղաթելյանը եւ Տարոն Տոնոյանը չեն կանչվել հարցաքննության մանիպուլյացրել էր, որովհետեւ Սաղաթելյանն այսօր կանչվել է հարցաքննության մեկ այլ գործով ՀՔԾ-ում, իսկ Տարոն Տոնոյանը 16։30-ին մեկ այլ գործով է կանչվել հարցաքննության։ Գեղարքունիքի մարզում Նաիրին է, Սաղաթելյանի եղբայրն ու զարմիկն են կանչվել հարցաքննության»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ծանուցագիրը ավելի վաղ են հանձնել, բայց, ասաց՝ դրանից հարցի էությունը չի փոխվում։ Նա այս գործընթացը համարում է քաղաքական հետապնդում.
«Ես օգտվելու եմ լռելու իմ իրավունքից, որովհետեւ այն, ինչ իրենք անում են, անպատվաբեր գործ է»։
Իսկ ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին հանձնել են երեկ՝ ՀՅԴ Արտաշատի գրասենյակի առջև, որը շրջապատված է եղել ոստիկանանական ուժերով, և դաշնակցականներից՝ ով դուրս է եկել գրասենյակից, միանգամից բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին տարբեր պատրվակներով։
«Մեր տան տեղն էլ գիտեն, հասցեն էլ, այդ ծանուցագիրը շատ հանգիստ կարող էին տանը տալ։ Երեկոյան ուշ ժամի կուսակցության գրասենյակի դիմաց ծանուցագիր հանձնելը տարօրինակ եմ համարում։ Եթե կարծում են, որ սրանով մեզ հետ են պահելու, սխալվում են»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց կանչել են այն գործի շրջանակում, որ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ։
«Այն դեպքում, որ երբ իրենք մի քանի հոգով հավաքվում էին դատախազության մոտ, դատախազը պատիվ էր անում և իջնում էր, բացատրություն էր տալիս։ Այս դեպքում, երբ խոսքը հերոսական սյունեցի ժողովրդի իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, մարդկանց ապօրինություններով ազատությունից զրկելու գործընթացների մասին է, և հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել և բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, այլև դրա պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որը արժանացավ ոստիկանների բիրտ, կոպիտ, ապօրինի գործողություններին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։