կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-29 20:30

ՀՀ նախագահն անաչառ չի եղել, խախտվել է Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով վարչական դատարանում կայացավ նախնական դատական նիստը, որի ընթացքում Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչները դատարանին ներկայացրել են իրենց հայցի բովանդակությունը:

Նրանք պահանջում են Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչել՝ պնդելով, որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես դրանով խախտվել է Խաչատրյանի լսված լինելու և բացատրություններ տալու իրավունքները: 

Նիստին ներկա էր նաև Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը: Ըստ նրա Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված հայցը անհիմն է և գոյություն չունի Խաչատրյանին պաշտոնից ազատելու վարչական ակտ և այդ հրամանագիրը չի ընդունվել օրենքի խախտմամբ: 

Խաչատրյանի ներկայացուցիչները նաև միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել պաշտպանության նախարարի նախկին 2 հրամանները, որոնցից մեկով Տիրան Խաչատրյանին ետ են կանչել արձակուրդից ու ազատել աշխատանքից և երկրորդ հրամանով էլ Խաչատրյանի անունը հանել են Գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակից:

Դատարանը որոշեց այս գործով, որպես երրորդ անձ ներգրավել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Նախնական ևս մեկ դատական նիստ կգումարվի, որի օրը և ժամը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի։

Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: