կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-28 16:23

Առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մովսես Հակոբյանին երբևէ չեն հատկացվել. ԱՀ դատախազություն

Առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մովսես Հակոբյանին երբևէ չեն հատկացվել. ԱՀ դատախազություն

ԱՀ դատախազությունը պարզաբանում է տարածել Մովսես Հակոբյանի առանձնատան շուրջ տարածված տեղեկությունների ստուգման արդյունքների վերաբերյալ: Ըստ հրապարակված հայտարարության՝ 2021 թվականի մարտի 29-ին  ԱՀ դատախազություն դիմում էր ներկայացվել ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Ստեփանակերտ քաղաքում տեղակայված առանձնատունը ԱՀ կառավարության որոշմամբ սեփականատիրոջից գնելու և նվիրատվության կարգով վերջինիս նվիրաբերելու` լայն տարածում ստացած տեղեկության վերաբերյալ` միջնորդելով պարզել հիշյալ տեղեկության` իրականության համապատասխանությունն ու հիշատակվող գործարքների իրավաչափությունը: Դատախազության կողմից իրականացված ստուգման արդյունքներով պարզվել է , որ Ստեփանակերտի քաղաքապետի թիվ 769 առ 24.08.2005թ. որոշմամբ 20.03.2006թ. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մ.Հակոբյանին Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ փողոցի մոտակայքում հատկացվել էր հողատարածք` անհատական բնակելի տուն կառուցելու համար: 20.03.2006թ. Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Մ.Հակոբյանին տրվել էր շինարարության թույլտվություն՝ անհատական բնակելի տան կառուցման համար, թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 20.03.2009թ.:

«19.11.2008թ. Մ.Հակոբյանը դիմել և 04.12.2008թ. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումում հիշյալ հողամասում կառուցված առանձնատան նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը: Ինչպես դիտվում է կադաստրային գործում ներառված փաստաթղթերից, Մ.Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել, այն ԱՀ կառավարության կամ այլ սուբյեկտի կողմից չի գնվել և օտարման առարկա չի եղել:

ԱՀ ֆինանսների նախարարությանը և ԱՀ ներդրումային հիմնադրամին արված հարցումների պատասխաններից հետևում է, որ հիշյալ առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մ.Հակոբյանին երբևէ չեն հատկացվել»,- ասված է դատախազության տարածած հայտարարության տեքստում: