կարևոր
3439 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-28 13:22

Հանուն Սյունիքի` նժդեհաբար. Սյունիքում նշել են Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակը

Հանուն Սյունիքի` նժդեհաբար. Սյունիքում նշել են Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակը

Ապրիլի 27-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրում նշվել է Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակը։

Միջոցառումը մեկնարկել է համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքով և ուղեկցվել Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի և «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի գեղեցիկ կատարումներով։

Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ ուղերձ է հղել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը.

Ուղերձում, մասնավորապես, նշել է,

«Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ սյունեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 1921 թվականին` ապրիլի 27-ին, Տաթևի վանքում համազանգեզուրյան 2֊րդ համագումարը հռչակեց <<Լեռնահայաստան>> պետությունը` սպարապետ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Լեռնահայաստանը` որպես պետություն, ունեցավ կարճ կյանք, բայց պատմական մեծ նշանակություն հայ ժողովրդի ու Հայաստանի հետագա գոյության համար։

Այսօր Լեռնահայաստանը մեզ համար պատմական ու գաղափարական հայրենիք է, պաշտամունք, որի շուրջ պետք է համախմբվենք, առանցք, որին պետք է հենվենք, ուղի, որով պիտի ընթանանք։ Յուրաքանչյուր հայի պարտքն է` իմանալ Լեռնահայաստանի պատմությունը, Զանգեզուրի գոյամարտը,սպարապետ Գարեգին նժդեհի ուսմունքն ու պատգամները։ Պառակտիչ է նա, ով նսեմացնում է Նժդեհի փառքը կամ զատում նրա ուսմունքը գործից։ Սյունեցիներիս պարտքն է` համախմբվել և շարունակել նժդեհյան պայքարը, քանի դեռ մեր սրբազան հողում վխտում են արտաքին և ներքին թշնամիները։

Խոնարհվում ենք Զանգեզուրյան գոյամարտի բոլոր հերոսների հիշատակի առջև։

Ուզում եմ տեղեկացնել, որ Սյունիքի համայնքներն իրենց համայնքապետերի գլխավորությամբ պատրաստվում էին Ապրիլի 27֊ը մեծ շուքով տոնել Տաթևում, սակայն հայտնի հանգամանքները դավադրաբար խոչընդոտեցին նախաձեռնությունն իրականացնել Լեռնահայաստանի հռչակման օրը։ Սակայն մոտ օրերս Լեռնահայաստանի 100֊ամյակը արժանվույն կտոնվի Տաթևում։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է։

Հանուն Սյունիքի` նժդեհաբար»:

Նշենք, որ 1921 թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան: Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» (Ղափանի շրջանի համանուն լեռան անունով, որտեղ կռիվների ընթացքում աչքի էր ընկել Նժդեհը) շքանշանով: Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ: Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և ասես մարտահրավեր էր նետում նրան: