Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով: Այս մասին ասել է Ջահերով երթի ժամանակ բերման ենթարկված Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Որպես կալանավորման հիմք դատարանը նշել է քննիչի առաջադրած 3 հիմքերից միայն մեկը՝ դատաքննությանը խոչընդոտելը։
«Պետք է փաստեմ, որ, իմ համոզմամբ, նշված ակտը ապօրինի է։ Բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան և, ես լիահույս եմ, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում, նշված որոշումը կբեկանվի, կկայացվի նոր ակտ, անձը կազատվի»,-ասել է Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։