կարևոր
2173 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-27 19:11

Հայկ Հեքիմյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Հայկ Հեքիմյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց Հայկ Հեքիմյանի կալանքի միջնորդության քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը, ժամը՝ 11:50-ին։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, առաջադրված մեղադրանքին, նշեց, որ փորձ է արվում պայքարող երիտասարդներին, արժանապատվությունը հարգող անձանց դիտարկել խուլիգաններ կամ խուլիգանության մեջ կասկածվողներ․

«Դեռեւս ապրիլի 22-ին շուրջ 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի մակարդակի մի քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Հայկի պարագայում նաեւ բռնություն գործադրող անձի կերպար։ Հայրենիքը դավադիր պատերազմի ներքաշած, հայրենիքը հանձնած, զոհերի եւ հաշմանդամների բերած իշխանությունը, որ օր առաջ պետք է հեռանար, շարունակում է իր ազգադավ պահվածքը։ Երբ արժանապատիվը հայը պահանջում է՝ կոնկրետ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, պարզվում է, որ այդ մարդիկ հանկարծ դառնում են խուլիգաններ կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրող անձ։ Իրավապահ համակարգն այսօր խամաճիկ է դարձել քաղաքական ղեկավարության ձեռքին. ամեն գնով փորձել ճնշում գործադրել պայքարող մարդու նկատմամբ։ Սրանք չեն գիտակցում, որ ամեն մի նման ստահակ վարքագծին արժանանալու են տասնապատիկ ավելին։ Երիտասարդի դիմադրությունը կոտրելն անհնար է։ Հայ մարդու արժանապատվությունը ստորացնելուն ուղղված գործողությունը պատասխան է տրվում, մեր հայ իրականության մեջ դա չմոռացվող է։ Չեն հասկանում, որ իջել են այն աստիճանի, որ մարդու արժանապատվությունը փորձում են բացահայտ վիրավորել, ճնշման տակ պահել»,- նշեց Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հեքիմյանին մեղադրանք առաջադրելու պատճառներից մեկն այն է, որ նա իր քրոջ որդին է. «Քանի որ Հայկն իմ քրոջ որդին է, բնականաբար նաեւ ստահակների խմբից ստացվել է հանձնարարական՝ ամեն գնով փորձել պատժել. դա իրենց չի հաջողվելու»։

Մինասյանը հույս հայտնեց, որ դատարանը կփորձի վեր կանգնել քաղաքական այդ պատվերից եւ կանգնել արդարության, իրավունքի եւ ազգային արժանապատվության կողքին. «Դավաճանի խամաճիկների բանդային եւ իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու»։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։