կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-27 17:29

Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում

Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում

Արցախի Կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում:

Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել թշնամու վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռեւս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել: Նա ընդգծել է, որ այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գրեթե 2.000 հուշարձանի ճակատագիրը:

Անդրադառնալով թանգարաններին՝ նախարարը տեղեկացրել է, որ 10-ը պետական եւ 2 մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20.000 նմուշով: Ըստ Ղարախանյանի՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը 2 ուղղությամբ է առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացման եւ դրանց՝ որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր ձեռնարկելով: 

«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովին Լուսինե Ղարախանյանն անդրադարձել է նաեւ Հունոտի կիրճին, որը մնում է չեզոք գոտում ու դեռեւս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ:

Արցախի Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարը նշել է, որ տարբեր ճանապարհներով փորձում են հասնել արդյունքի, բայց միջազգային կառույցներից դեռեւս չկան հստակ քայլեր, առարկայական, շոշափելի արդյունք մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու ուղղությամբ:

Ըստ Ղարախանյանի՝ տեղի ունեցողը էթնոցիդ է, որով ուժգին վնաս է հասցվում մեր ինքնությանը: