Հայաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը հարցազրույց է տվել «BBC Weekend» ծրագրին, որի ժամանակ հարցազրուցավարի հարցին՝ ինչ ազդեցություն կունենա Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, Արա Այվազյանը պատասխանել է.
«Հուսով ենք, որ այն ճանապարհ կհարթի երկխոսության եւ, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար, կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը ու կայունությանը»:
Ամեն դեպքում, Արա Այվազյանը նշել է, որ անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից, Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական ու ագրեսիվ քաղաքականություն: Մասնավորապես՝ մերժել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակել սահմանը ու Հայաստանի դեմ վարել հետզհետե աճող թշնամական քաղաքականություն:
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավվել է Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օտարաերկրյա զինյալ ահաբեկիչների:
Արա Այվազյանը հարցազրույցի վերջում երկրորդ անգամ խոսել է երկու երկրների միջեւ երկխոսության մասին:
«Երկու հարեւան երկրների միջեւ ստեղծվել էր անջրպետ, ու կարծում եմ, որ դա շատ կարեւոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահը 2 անգամ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը: